Վեց երկրներ պատրաստվում են իրենց դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վեց երկրներ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու հարցով բանակցություններ են սկսել Իսրայելի իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։

«Շատ ուրախ եմ որ ավելի քան կես տասնյակ երկիր բանացություններ է սկսել մեզ հետ իրենց դեսպատանտները Երուսաղեմ տեղափոխելու հարցով։ Շնորհակալություն, Գվատեմալա։ Ձեր հետևից կգան նաև ուրիշները», - Իսրայելի անկախության միջոցառման ժամանակ օտարերկրյա դիվանագետների առաջ ունեցած ելույթում հայտարարել է Նեթանյահուն։

Նա, սակայն, կոնկրետ չի նշել, թե որ պետությունների մասին է խոսքը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ Գվատեմալան առաջիկա մայիսին՝ գրեթե Միացյալ Նահանգների հետ միաժամանակ, ցանկանում է Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Իսրայելցի դիվանագետների կարծիքով՝ այդ երկրների ցանկում է նաև Հոնդուրասը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև ցանկություն է հայտնել Թել Ավիվից այստեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը։

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ը վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև վրա։ Վերջինս անօրինական էր համարում յուրաքանչյուր որոշում, որը ենթադրում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն։ Բանաձևի տեքսում կոչ էր արվում բոլոր պետություններին հրաժարվել դիվանագիտական ներկայացուցչությունները Երուսաղեմ տեղափոխելու մտքից։ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից միակն էր, որը դեմ քվեարկեց այս բանաձևին։   

Իսրայելը Երուսաղեմն արևելյան թաղամասերով հանդերձ համարում է իր «միակ և անբաժան մայրաքաղաքը», որը գրավվել է 1967 թ․ Վեցօրյա պատերազմի (հայտնի նաև որպես Երրորդ արաբաիսրայելական պատերազմ անվանումով, - խմբ․) ընթացքում։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը մերձավորարևելյան այս հակամարտության կարևորագույն կողմն է, որը պետք է կարգավորվի պաղեստինցիների հետ բանակցությունների հիման վրա։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.