Ամենամեծ վտանգը․ 1in.am

1in.am լրատվականն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին և հնարավոր զարգացումներին։ Հոդվածի հեղինակ Սարգիս Արծրունին գրում է․ «Թավշյա հեղափոխության առաջին երկու խնդիրները, կարծես թե, լուծված են` Սերժ Սարգսյանը հեռացավ և Նիկոլ Փաշինյանը, մեծ հավանականությամբ, վաղը կստանձնի վարչապետի պաշտոնը:

Համենայնդեպս, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ վաղը հավաքվելու են ոչ թե բողոքի, անհնազանդության գործողությունների, այլ համազգային տոնախմբության:

Կարելի՞ է այսքանով արձանագրել, որ թավշյա հեղափոխությունը հաղթանակ տարավ: Իհարկե` ոչ, որովհետ հեղափոխության հաղթանակը կապիտալացնելու համար անհրաժեշտ է կազմաքանդել օլիգոպոլ համակարգը, որը, չնայած ցնցումներին, շարունակում է գործել և ակնհայտորեն ձգտում է պահպանել իր դիրքերը: Դրա ապացույցը ՀՀԿ խմբակցության այսօրվա կոնսոլիդացված վարքագիծն էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Օլիգոպոլ համակարգի հավակնությունները լեգիտիմացված են խորհրդարանական այսօրվա ստատուս-քվոյով և նույնքան ակնհայտ է, որ համակարգի կազմաքանդման բանալին ԱԺ ընտրություններն են:

Այս հարցում է, որ որոշակի մտահոգություններ են առաջանում, որովհետև Նիկոլ Փաշինյանի այսօր խորհրդարանում հնչեցրած պատասխաններից, օրինակ, այնքան էլ պարզ չէ, թե երբ են անցկացվելու խորհրդարանի արտահերթ ընտրությունները` չնայած այն հանգամանքին, որ քիչ առաջ ավարտված հանրահավաքում ՔՊ անդամ Արարատ Միրզոյանը արտահերթ ընտրությունների անցկացումը համարեց ժամանակավոր կառավարության չորս առաջնահերթություններից մեկը:

Եթե կուզեք, այս խնդիրն ամենասկզբունքայինն է թավշյա հեղափոխության օրակարգում, որովհետև դրանով է պայմանավորված, թե քաղաքական նոր տրամադրություններն ու ստատուս-քվոն երբ են փողոցից տեղափոխվելու քաղաքական, պետական ձևաչափեր` դառնալով ինստիտուցիոնալ նոր իրողություններ:

Մյուս կողմից` խորհրդարանական արտահերթ ընտրություններն ավելի գլոբալ նշանակություն ունեն և ձևակերպելու են նոր Հայաստանի քաղաքական այցեքարտը` որակապես նոր հարթության վրա դնելով երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը:

ՀՀԿ-ն համեմատաբար հանգիստ զիջեց դիրքերը` թերևս, փորձելով կանխել առաջիկա ամիսներին արտահերթ ընտրությունների հեռանկարը: ՀՀԿ-ում հուսով են, որ ամիսների ընթացքում փողոցը կկորցնի իր ակտուալությունը և իրենք դրանից հետո կարող են վերականգնել իրենց կորսված դիրքերը` գործող խորհրդարանի կամ նույնիսկ` արտահերթ ընտրությունների միջոցով: Այլ խոսքով` ՀՀԿ-ն սպասում է հեղափոխական տրամադրությունների օբյեկտիվ անկմանը` Փաշինյանի վարչապետական իշխանությունը սիմվոլիկ դարձնելու նպատակով: Մոտավորապես այդպիսի վիճակում հայտնվեց Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի վերջին տարվա նախագահությունը, երբ խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի կողմնակիցների հաղթանակից հետո նրա իշխանությունը տարածվում էր միայն իր գրասենյակի վրա:

Մյուս կողմից` խիստ ուշագրավ է Ռուսաստանի արձագանքը Հայաստանում ծավալվող հեղափոխությանը: Արտաքուստ Մոսկվայի արձագանքը չեզոք ու նույնիսկ բալանսավորված է, սակայն «շան գլուխը» թաքնված է Վլադիմիր Պուտինի և Արմեն Սարգսյանի հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի այն դիտարկման մեջ, թե ճգնաժամը կարող է հանգուցալուծվել 2017-ի, իր իսկ բնորոշմամբ, լեգիտիմ ընտրությունների արդյունքների հենքով:

Փոխվել է ընդամենը Մոսկվայի մարտավարությունը, որովհետև կառավարման այլ մոդել, ինստիտուցիոնալ նոր իրողություններ են Հայաստանում: Կրեմլին քիչ է հուզում Հայաստանի նոր վարչապետի անձը, քանի դեռ խորհրդարանական այսօրվա ստատուս-քվոն երաշխավորում է օլիգոպոլ համակարգի գոյությունը և հայ-ռուսական վասալային հարաբերությունների այսօրվա մակարդակը:

Թավշյա հեղափոխությունը կարող է հաղթել, եթե քաղաքացիական զարթոնքը, քաղաքական նոր մտածողությունը դառնան խորհրդարանական նոր խճանկար` արտահերթ ընտրությունների միջոցով:

Մայիսի 1-ին հեղափոխության առաջին փուլն ավարտվում է: Փաշինյանն իր հետ կառավարություն է տանում փողոցի ռացիոնալ լիցքերը, որոնք, սակայն, քաղաքական պրոդուկտ կդառնան, եթե թավշյա հեղափոխության առաջնորդի հիմնական առաջնահերթությունը դառնա հնարավորինս սեղմ ժամկետում օրինական արտահերթ ընտրությունների անցկացման համար հիմքերի ստեղծումը: Ամենամեծ վտանգը կլինի այս հարցում հապաղելը կամ կոմպրոմիսների գնալը, ինչը պարարտ հող կստեղծի հակահեղափոխության ռևանշի համար»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.