Զինված հարձակում՝ HSBC բանկի Կոմիտաս փողոցի մասնաճյուղի վրա․ կան զոհեր

Այսօր՝ մայիսի 3-ին՝ ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել․ գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ոստիկանության հաղորդագրությանը։

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ հանցագործի կրակոցից վիրավորված ոստիկանը հիվանդանոցում մահացել է։

«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.