Փարիզն այլևս չի պահանջում Ասադի հրաժարականը․ ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան

Փարիզն այլևս չի պնդում, որ սիրիական հակամարտության կարգավորումը կապված է նախագահ Բաշար Ասադի հրաժարականի հետ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը։

«Մենք չենք որոշելու Սիրիայի ժողովրդի փոխարեն։ Այլևս խոսք չի գնում Բաշար Ասադի՝ առանց նախապայմանների հրաժարական տալու մասին», - ասել է Բերմանը։

Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան դեմ է, որ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները զինյալների հեռանալուց հետո անցնեն Դամասկոսի վերահսկողության տակ։ Նրա կարծիքով՝ Սիրիայի ապագան պետք է որոշվի քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով։

«Սոչիում սիրիական հակամարտության կարգավորման հարցով տեղի ունեցած համագումարում ձևավորված և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնակատարների կողմից հավանության արժանացած ճանապարհային քարտեզն իրենից ենթադրում է սսահմանադրական հանձնաժողովի ստեղծում, որը գրելու է Սիրիայի նոր սահմանադրությունը։ Սակայն ես կարծում եմ, որ սիրիական ռեժիմն այս հարցով դեռ չի զբաղվում», - ասել է դեսպանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 թվակիր բանաձևը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների կողմից, ենթադրում է սիրիական հակամարտության կարգավորում՝ երկրի բոլոր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով։ Բանաձևում նշված է նաև նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և դրանց ժամկետների մասին։ Կոնկրետ անձանց, այդ թվում՝ Բաշար Ասադի ճակատագրի մասին բանաձևում խոսք չկա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.