Իսլամական պետությունն ստանձնել է Իրաքի խորհրդարանի պատգամավորության թեկնածուի սպանության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Իրաքի խորհրդարանի պատգամավորի թեկնածու Ֆարուք ալ-Զարզուրի սպանության պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել են զինյալները։

Ավելի վաղ Նայնավ նահանգի աղբյուրները հայտնում էին, որ ալ-Զարզուրը սպանվել է իր տան մոտ, որը գտնվում է Մոսուլի հյուսիսային Լազակա գյուղի մոտ։ Նշվում է, որ պատգամավորության թեկնածուն սպանվել է առավոտյան աղոթքից տուն վերադառնալիս։

Սա առաջին դեպքն է, երբ Իսլամական պետության զինյալները հարձակում են կատարում Իրաքի նախընտրական քարոզարշավի մասնակցի վրա։

Իրաքի խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենային 2017 թ․ սեպտեմբերին, հետաձգվել են և տեղի են ունենալու այս ամսվա 12-ին։

Խորհրդարանի պատգամավորական 328 աթոռի համար պայքարելու են 6986 թեկնածուներ, որոնցից 2014-ը կին են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.