ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ արդեն հաջորդ շաբաթ․ Սպիտակ տան մամուլի խոսնակ
ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը։
«Վերականգնվելու են այն բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել էին միջուկային համաձայնագրի կնքումից առաջ։ Մենք պատրաստում ենք նաև նոր պատժամիջոցներ, որոնք կսահմանվեն արդեն հաջորդ շաբաթ», - ասել է Սանդերսը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է համոզվել, որ Իրանը չի կարող ստանալ միջուկային զենք։
«Մինչև մենք այս հարցում հավաստիացումներ չստանանք, շարունակելու ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա՝ սահմանելով անհավանական պատժամիջոցեր», - նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։
Թրամփը խոստացել է ոչ միայն վերականգնել նախկին պատժամիջոցները, այլ նաև սահմանել նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ։ Նա նաև պատրաստակամություն է հայտել նոր համաձայնագիր կնքելու։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդեն հայտարարել են, որ պատրաստվում են շարունակել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի դրույթների իրականացումը։ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի այս որոշմանն արձագանքել են՝ նշելով, որ իրենք շարունակելու են համագործակցությունը համաձայնագրի մյուս անդամների հետ։