Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական Միության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեդերիկա Մոգերինին վարչապետ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել:
«Զրուցակիցները վերահաստատել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը, անձամբ հանդիպելու հույս են հայտնել: ԵՄ բարձր ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել»,- ասված է հայտարարության մեջ:
«Արմենպրես»-ը նշում է, որ կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ընդլայնման հնարավորությունները, արտաքին քաղաքական առաջնահերթ հարցերը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Եվրոպական Միության առաջնահերթություններից մեկը: