Սիրիայի ՀՕՊ համակարգերը կարողացել են խոցել իսրայելական կողմի արձակած հրթիռների ավելի քան կեսը

Սիրիական հակաօդային պաշտպանութան համակարգերին հաջողվել է չեզոքացնել իսրայելական բանակի կողմից արձակած հրթիռների ավելի քան կեսը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։

«Ճշտվում է իրանական զինված խմբավորումներին և Սիրիայում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակման են ենթարկվել Դամասկոսի հատվածում և երկրի հարավային շրջաններում գտնվող սիրիական ՀՕՊ համակարգերը և իրանական զինված խմբերը։

Օդային հարձակմանը մասնակցել են իսրայելական ռազմաօդային ուժերի F-15 և F-16 տեսակի 28 կործանիչներ, որոնք արձակել են մոտ 60 հրթիռ։

Իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսն այս հարձակումը համարում է վերջին տարիներին կատարված ամենամասշտաբային գործողությունը։

«Մեր նպատակն էր մեծ վնաս հասնել Սիրիայում Իրանի ռազմական պոտենցիալին», - ասել էր Կոնրիկուսը։

Ավելի վաղ Թել Ավիվը հայտարարել էր, որ Իրանը փորձում է Սիրիա  տեղափոխել «շատ վտանգավոր զինատեսակներ, որպեսզի ոչնչացնի Իսրայելը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.