Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի վարչապետը

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում շնորհավորանքներս և հաջողության լավագույն մաղթանքներս:
Ֆրանսիան և Հայաստանն ունեն առանձնահատուկ հագեցած երկկողմ փոխհարաբերություններ՝ հիմնված պատմական վաղեմի կապերի և առկա քաղաքական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, ինչը դրսևորվում է մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակությունների մակարդակով:

Այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է իրավական պետության և բարեփոխումների կոնսոլիդացման ճանապարհին նրան ուղեկցելու համար: 

Ինչպես գիտեք, Մինսկի խմբում Ֆրանսիան հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և բանակցված անհրաժեշտ լուծում գտնելու գործընթացին: Ֆրանսիան կշարունակի հանգուցալուծման հասնելուն ուղղված ջանքերը:

Եվրամիության հետ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել Ֆրանսիան, նոր դինամիկա է բերում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջև ներդրումների և առևտրատնտեսական հարաբերությունների վերելքով:

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում՝ մեր երկու երկրների միջև կապերը խորացնելու և Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու համար, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը վերատեղայնացնելու, ինչպես նաև Շառլ Ազնավուր կենտրոնը ավարտին հասցնելու միջոցով, որը կոչում ունի դառնալու Երևանում ֆրանսիական մշակույթի ցուցափեղկը: Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին ապահովելու համար գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը», - ասված է Ֆրանսիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.