Եվրամիությունն իրանական նավթի համար վճարումներն այլևս դոլարով չի կատարի

Եվրոպական Միությունը մտադիր է Իրանից առաքվող նավթի դիմաց վճարումների համար հրաժարվել դոլարից և անցնել եվրոյի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին։

Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ պայմանավորվել էին մշակել տնտեսական կապերն ամրապնդելու վերաբերյալ մի ծրագիր՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու։ Այս մասին հաղորդել էր Եվրամիության դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինին։

Առաջին հերթին խոսքը նավթի գազի և այլ նավթամթերքների առևտրի շարունակության, Իրանի հետ բանկային արդյունավետ գործարքների, ավիացիոն, ծովային և ցամաքային տրանսպորտի ոլորտում կապերի ամրապնդման մասին է։

Նախատեսվում է, որ գործնական որոշումները կմշակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Մայիսի 19-ից 20-ը նախատեսված է կլիմայի և էներգետիկայի հարցերով գլխավոր եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետի այցը Իրան։ Այցելության նպատակն է էներգետիկայի ոլորտում Իրանի հետ համագործակցության խորացումը։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր պաշտոնապես հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի շրջանակում հանձնառած պարտավորությունները։ Նա նաև նշել էր, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի լրացնել «համաձայնագրում առկա լուրջ թերությունները», այնուհետև հավելել էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչությանը»։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.