ՀԱՄԱՍ խմբավորումը կանանց և երեխաներին ստիպում է մասնակցել անկարգություններին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները երեխաներին և կանանց ստիպում են մասնակցել Գազայի հատվածում տեղի ունեցող անկարգություններին։

«Նրանք գիտակցաբար առաջ են մղում կանանց և երեխաներին՝ հույս ունենալով, որ վերջիններս կվիրավորվեն կամ կզոհվեն։ Նրանք ցանկանում են, որ զոհերը լինեն հնարավորինս շատ, որպեսզի Իսրայելի վրա շատ ճնշում գործադրվի», - ասել է Նեթանյահուն։

Ինչպես հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, Գազայի հատվածում Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է պաղեստինցի 61 մարդ, վիրավորվել՝ շուրջ 2800-ը։ Զոհվածների թվում կա մանկահասակ երեխա։

Իսրայելի վարչապետը տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա։

«Եթե նրանք չստիպեին ժողովրդին դուրս գալ և մասնակցել անկարգություններին, ապա այս ամենը տեղի չէր ունենա։ Ես չգիտեմ աշխարհում որևէ բանակ, որն այլ կերպ կվարվեր այդ իրավիճակում, երբ հակառակորդը բացականչում է․ «մենք կոչնչացնենք ձեզ»», - նշել է Նեթանյահուն։

Գազայի հատվածում բողոքի ակցիաներն ակտիվացել են Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին, որը տեղի է ունեցել Իսրայելի պետականության հիմնադրման 70-ամյակին ընդառաջ։

Ի պատասխան բողոքի ակցիաներին՝ իսրայելցի զինվորականները կրակ են բացել ցուցարարների ավելի ագրեսիվ մասի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սա համարել է ինքնապաշտպանություն։

Իսրայելի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ սահմանային 12 գոտիներում հավաքվել են շուրջ 35000 ցուցարարներ։ Նրանք պայթուցիկներ են նետել սահմանի ուղղությամբ, այրել են անիվներ, փորձել կոտրել սահմանային ցանկապատերը։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը իսրայելապաղեստինյան հակամարտության կարևորագույն կողմերից մեկն է։ Պաղեստինն այս քաղաքը համարում օկուպացված շրջան։

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Այս հայտարարությունը մեծ դժգոհություն էր առաջացրել արաբական մի շարք երկրներում։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5203798

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.