Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնում է «լիբիական սցենարով» (տեսանյութ)

Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին սպառնում է արժանացնել Մուամմար Քադդաֆիի ճակատագրին, եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի «միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի դեպքում բացառվում է լիբիական սցենարը, սակայն ավելի ուշ չբացառեց, որ եթե Փհենյանը և Վաշինգտոնը չկարողանան համաձայնության հասնել, ապա իրադարձությունների նման զարգացումը շատ իրատեսական է։

«Լիբիական մոդելը բավական տարբեր իրավիճակ էր։ Մենք ոչնչացրեցինք այդ երկիրը։ Մենք երբեք Քադդաֆիին չենք ասել, որ պատրաստվում ենք պաշտպանել նրան։ Մենք ներխուժեցինք և ոչնչացրեցինք նրան․ նույնը կատարվեց նաև Իրաքում։ Այս սցենարը կարող է տեղի ունենալ նաև այս դեպքում, եթե մենք համաձայնության չգանք», - լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Մայիսի 16-ին պետք է կայանար Փհենյանի և Սեուլի բանակցությունների նոր փուլը, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեղարկեցին հանդիպումը՝ այս որոշումը պայմանավորելով նրանով, որ մայիսի 11-ին մեկնարկել էին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմաօդային զորավարժությունները։ Փհենյանը նաև կասկածի տակ էր դրել Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ին Սինգապուրում։

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Փհենյանը երբեք չի ընդունի ԱՄՆ-ի տնտեսական աջակցությունը՝ փոխարենը հրաժարվելով իր միջուկային ծրագրից։

«Մենք երբեք էլ ակնկալիքներ չենք ունեցել, որ Միացյալ Նահանգները մեզ տնտեսական աջակցություն է ցույց տալու, և չենք պատրաստում նման գործարքի մեջ մտնել նրանց հետ», - ասել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի առաջին փոխնախարար Կիմ Կի Գվանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.