Գերմանիայի կանցլերը և Չինաստանի նախագահը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միջազգային և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, որոնց թվում նաև՝ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Xinhua գործակալությանը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև միջազգային առևտրի թեմային և Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված խնդրին», - գրում է գործակալությունը։

Հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը նշել է, որ «2014 թվականից, երբ երկու երկրների միջև հաստատվել է համապարփակ ռազմավարական գործընկերություն, երկկողմ հարաբերություններն անշեղորեն զարգանում են, իսկ Գերմանիայի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի»։

Անգելա Մերկելն, իր հերթին, նշել է, որ Չինաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է, միևնույն ժամանակ՝ առևտրի ոլորտում Գերմանիայի կարևորագույն գործընկերը։

«Երկու երկրների հարաբերությունները թևակոխել են նոր ժամանակաշրջան։ Գերմանիան պատրաստ է օգտվել Չինաստան ընձեռած հնարավորություններից՝ փորձելով ավելի խորացնել ներդրումային և առևտրային փոխգործակցությունը», - ընդգծել է Մերկելը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.