Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

Վրաստանի կառավարությունում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։ Նշվում է, որ կառավարությունում տեղի ունեցավ պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Փաշինյանի և Կվիրիկաշվիլիի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան  լրատվամիջոցների համար հայտարարությամբ:

Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի նաև Ազգային ժողովի նախագահ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: ՀՀ վարչապետը«Խոջիվանք» պանթեոնում ծաղիկներ կդնի Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի շիրիմներին:

Մայիսի 31-ին Փաշինյանը կմեկնի նաև Ջավախք ու կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան այրեր: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.