Հնարավորություն կա մեծ լիցք ու թափ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյան

Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

«Մենք միշտ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ ենք զբաղվել: Ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր, իսկ հիմա արդեն որպես Հայաստանի վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ ես զգում եմ, որ հայտնվել ենք կոնկրետ իրավիճակում, երբ բազմաթիվ ցանկություններ իրագործելու հնարավորություն ունենք»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելեց՝ այն դրական մթնոլորտը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, կարող է վերածվել հստակ արդյունքների տնտեսական, քաղաքական հարաբերություններում, համագործակցության այլ ոլորտներում: «Եվ ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն համատեղ նախագծեր՝ ընդգծելով, որ ակտիվորեն աշխատելու են այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար: «Մենք պետք է աշխատենք նոր, համատեղ նախագծերի շուրջ, և մենք համոզված ենք, որ հայ-վրացական չլուծվող խնդիրներ չկան, որովհետև խնդիրների լուծման ամենակարևոր գործոնը տրամադրվածությունն ու ցանկությունն է: Մեր պատվիրակությունը Թբիլիսի է եկել հավաստելու մեր պատրաստակամությունը, եղբայրության և բարեկամության ոլորտում քննարկելու բոլոր հարցերը: Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետն էլ նույն տրամադրվածությունն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Մենք գտնվում ենք հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և էներգիա հաղորդել մեր հարաբերություններին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Վրաստան են ժամանել հայ-վրացական համագործակցության համար հստակ հեռանկարներ բացելու, հստակ խնդիրներ լուծելու  հնարավորություն ստեղծելու համար՝ համոզվածություն հայտնելով, որ հայ-վրացական հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, որոնք կբխեն երկու երկրների ազգային շահերից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.