Սիրիային ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները նախազգուշացում էին Չինաստանի համար․ Թրամփ

2017 թ․ ապրիլին Սիրիային ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները նախազգուշացում էին Չինաստանի համար, թե ինչպես է Վաշինգտոնն արձագանքում քիմիական զենքի և առհասարակ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հիշեցրել է, որ հրթիռային հարվածները ժամանակային առումով համընկել են իր և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Ֆլորիդայում տեղի ունեցած հանդիպման հետ։

«Ես նրան ասացի, որ մենք հենց նոր 58 հրթիռ ենք արձակել Սիրիայի որոշակի օբյեկտների ուղղությամբ։ Նա թարգմանչին խնդրեց կրկնել իմ ասածը։ Ես նշեցի, որ 700 մղոն հեռավորությունից մեր արձակած յուրաքանչյուր հրթիռ խոցել է թիրախը», - ասել է Թրամփը՝ նշելով, որ իր վարչակազմն, ըստ էության, դեմ է նման մահացու և վտանգավոր զինատեսակների կիրառմանը։

«Դա արվել է, քանի որ Ասադի ղեկավարած Սիրիան թունավոր գազ է կիրառել երեխաների նկատմամբ։ Մենք ստիպված էինք դա անել։ Եթե նախորդ նախագահ Բարաք Օբաման անցներ այդ կարմիր գիծը, ապա մենք այսօր Մերձավոր Արևելքում կունենայինք մի փոքր այլ իրավիճակ», - նշել է Թրամփը։

«Ես նրան (Սի Ցզինպինին) ասացի, որ կարող է հեռանալ հանդիպման վայրից, կամ՝ մենք կարող ենք ընկերություն անել։ Նա չհեռացավ, նա ամեն ինչ հասկացավ», - եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 4-ին սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, որ Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով զոհվել է 80 մարդ, տարբեր աստիճանի թունավորումներ են ստացել ավելի քան՝ 200-ը։ Ընդդիմությունը հարձակման համար մեղադրում էր կառավարական ուժերին, որոնք էլ իրենց հերթին, հերքելով մեղադրանքները, տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում էին զինյալների և նրանց հովանավորող ուժերի վրա։ Սիրիայի կառավարական ուժերը հայտարարում էին նաև, որ երբեք քիմիական զենք չեն կիրառել ոչ խաղաղ բնակչության, ոչ էլ ահաբեկիչների նկատմամբ, իսկ քիմիական զենքի ողջ արսենալը երկրից հանվել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Քիմիական զենքն արգելող կազմակերպության կողմից։

Ապրիլի 7-ին արդեն Միացյալ Նահանգները հրթիռակոծության ենթարկեց Հոմս նահանգում գտնվող Շայրաթ ավիաբազան, որտեղից, Վաշինգտոնի պնդմամբ, կատարվել էր քիմիական հարձակումը։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5285962

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.