Պենտագոնը հերքում է սիրիական բանակի դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին լուրերը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հարվածներ չի հասցրել սիրիական Բու Քեմալի շրջանում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ադրիան Ռենկին-Հելոուերը։

«Մենք (ԱՄՆ-ը կամ կոալիցիան) հարվածներ չենք իրականացրել Բու Քեմալում», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել սիրիական լրատվամիջոցներում տեղ գտած լուրերը սիրիական բանակի դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի՝ Բու Քեմալում գտնվող դիրքերին։ Աղբյուրը հայտնել էր նաև տեղի ունեցածի հետևանքով զոհերի և վիրավորների մասին։

ՏԱՍՍ-ը գրում է, որ այս տարվա սկզբից Դեր Զորում, Էլ Հասեկիում և Ռաքքայում բազմաթիվ սիրիացիներ են զոհվել և վիրավորվել ԱՄՆ-ի և դաշնակիցների իրականացրած ավիահարվածների հետևանքով։ Սիրիայի կառավարությունը բազմիցս դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որպեսզի վերջինս դատապարտի ԱՄՆ-ի և դաշնակիցների այս գործողությունները, ինչի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5299651

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.