Մինսկում Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը (տեսանյութ)

Հունիսի 22-ին Մինսկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը (mfa.am)։

ԱլԳ անդամ պետությունների արտգործնախարարների լիագումար նիստի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում, կարևորելով ԱլԳ շրջանակներում ներգրավվածությունը, ընդգծել է, որ այն շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար:

«Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր հարաբերություններում այդ ոգին ամրապնդելու և գործընկեր երկրների միջև վստահությունն և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ»: Կարևորելով 2017 թ․ բրյուսելյան գագաթաժողովին ընդունված «20 արդյունք մինչև 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի, Արևելյան հարևանների և գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության և երկխոսության խրախուսումն է, նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը։

Նախարար Մնացականյանը կարևորել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Նախարարը նաև բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության հետևողական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներին։

Նախօրեին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկմանը հետևած այդ հանդիպումը գործնական հնարավորություն ընձեռեց գնահատելու գործընկերության առկա մակարդակը և ուրվագծելու առաջիկա գերակայությունները։

Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման, երկրում բոլոր ուղղություններով արդարության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է շարունակական, կանխատեսելի և ամուր ներգրավվածություն բոլոր բարեկամների և գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա, որն ուղղված է Հայաստանի շահերի առաջմղմանը, փոխադարձ շահավետ համագործակցության և գործընկերության խրախուսմանը։

ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն։

Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները»։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն և ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն և բարգավաճ հարևանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձևավորման համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.