Թուրքիայում 12 մարդ է ձերբակալվել Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը ձերբակալել է 12 քաղաքացու, որոնք Մուհարրեմ Ինջեի հանրահավաքի ժամանակ վիրավորական արտահայտություններ են բղավել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ հանրահավաքից առաջ ձերբակալվածները սեռական բնույթի հահոյանքներ են հնչեցրել Էրդողանի հասցեին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձին վիրավորելու հատկանիշներով։

Թուրքական օրենքների համաձայն՝ նախագահին վիրավորելու համար այդ անձինք կարող են ենթարկվել մեկից չորս տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանվել։ Ընդդիմախոսներն իշխանություններին մեղադրում են՝ նշելով, որ վերջիններս այդ հոդվածն օգտագործում են քաղաքական հակառակորդներին ճնշելու նպատակով։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 52,6%-ը։ Նրա հիմնական հակառակորդ Մուհարրեմ Ինջեն հավաքել է 30,6% ձայն։

Խորհրդարանական ընտրություններին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է 42,5% ձայն՝ այդպիսով չկարողանալով դառնալ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն։ ԱԶԿ-ը կոալիցիա է կազմել Ազգայնական շարժում կուսակցության հետ, որը հավաքել էր 11,1% ձայն։ Այսպիսով՝ այս երկու կուսակցությունների կազմած «Ազգային դաշինքը» կդառնա խորհրդարանական մեծամասնություն՝ ունենալով 343 մանդատ (ընդհանուր 600-ից)։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.