Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ

Հունիսի 28-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը (mfa.am)։

Նշվում է, որ Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն են հայտնել հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ արժևորելով հաստատված վստահելի փոխգործակցությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Հայաստանի ԱԳ նախարարը և Բունդեսթագի նախագահն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների նոր իրավական հենք, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։

Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։ 

Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.