Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը
Եվրոպական Միության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշել են կես տարով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Նման որոշումը կայացվել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Մինսկի համաձայնագրի վերաբերյալ կարճ երկխոսությունից հետո։
ՌԴ Պետդումայում անդրադարձել են Եվրամիության այս որոշմանը։ Պատգամավոր Կոնստանտին Կոսաչևը նշել է, որ ԵՄ-ում չկա միասնական կարծիք հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս որոշումն ավելի շատ վերաբերվում է Ուկրաինային, քան Ռուսաստանին։ Կոսաչևը վստահեցնում է, որ Կիևին թույլ է տրվում վիժեցնել Մինսկի համաձայնագրի դրույթների կատարումը ի օգուտ Եվրամիության՝ Մոսկվայի դեմ տրամադրված հատվածի աշխարհաքաղաքական ամբիցիաների։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվել են Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կողմ չէ և չի հանդիսանում Մինսկի համաձայնագրի սուբյեկտ։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, սակայն, բազմիցս պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ։
Վերջերս Արևմուտքից սկսել են հնչել պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Մասնավորապես՝ նման կարծիք են հայտնել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն և Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին։