Վաշինգտոնում մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այս մասին տեղեկացում է «Արմենպրես»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության կայքում ավելի վաղ տեղեկություն էր տեղադրվել, որ ՀՀ նախագահի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը մեկնարկելու էր Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:
«Արմենպրես»-ը գրում է, որ Արմեն Սարգսյանի՝ արտերկիր այցը մեկնարկել է հունիսի 18-ին: Նա այցելել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ապա՝ Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը: Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: