Կներդնեմ բոլոր ջանքերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման համար․ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությանը։

Նշվում է, որ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու  ամրապնդմանը:

Երկու երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններում Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

ԱԺ նախագահը  նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ  կամուրջ  ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ` նպաստելով  երկխոսությանը:

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը  երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների  ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում,  արձանագրել  վերջին տարիների ձեռքբերումները: Այս համատեքստում  Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ վստահության մթնոլորտում:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստին առնչվող հարցերին, մեր երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.