Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելացնել պաշտպանական ծախսերը․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք դաշնակից  պետությունների ղեկավարներին նամակներ է ուղարկել՝ քննադատելով նրանց Դաշինքի շրջանակներում պաշտպանական ծախսերի նպատակով Վաշինգտոնի համեմատ շատ քիչ միջոցներ տրամադրելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The New York Times թերթին։

Նշվում է, որ նախորդ ամսին Թրամփը նամակներ է ուղարկել Գերմանիային, Բելգիային, Կանադային և Նորվեգիային։

«Նամակներում նախագահ Թրամփը հասկացրել է, որ Միացյալ Նահանգների համբերությունն սպառվում է կապված այն բանի հետ, որ Վաշինգտոնի դաշնակիցները չեն ցանկանում ավելացնել պաշտպանական ծախսերը», - գրում է թերթը։

Մասնավորապես՝ Անգելա Մերկելին ուղարկած նամակում Թրամփը նշել է․ «Ինչպես մենք քննարկել ենք Ձեր՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, Միացյալ Նահանգները հիասթափություն է ապրում, քանի որ որոշ դաշնակիցներ չեն ավելացրել պաշտպանական ծախսերը, ինչպես խոստացել էին նախկինում։ Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերի շարունակական ոչ բավարար տրամադրումը խաթարում է Դաշինքի անվտանգությունը, ինչպես նաև նման մոտեցման օրինակ է ծառայում մյուս դաշնակիցների համար, որոնք նույնպես չեն ցանկանում կատարել իրենց պաշտպանական պարտավորությունները»։

Թրամփի խոսքով՝ գնալով ավելի դժվար է լինելու ԱՄՆ-ի քաղաքացիներին բացատրել, թե ինչու որոշ երկրներ «իրենց լուման չեն ներդնում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության գործում, մինչդեռ ամերիկացի զինծառայողները շարունակում են զոհել իրենց կյանքն արտասահմանում»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.