Պեկինը Վաշինգտոնին մեղադրում է պատմության ամենախոշոր առևտրային պատերազմն սկսելու մեջ

Չինաստանի իշխանությունները ստիպված են քայլեր ձեռնարկել ի պատասխան ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներկրման վրա ընդհանուր հաշվով 34 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուն, ինչպես նաև տեղեկացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Չինաստանը պարտավորվել է չարձակել առաջին կրակոցը, սակայն սեփական երկրի շահերի պաշտպանության համար ստիպված է ձեռնարկել անհրաժեշտ պատասխան քայլեր։ Միևնույն ժամանակ մենք ԱՀԿ-ին տեղյակ ենք պահելու ստեղծված իրավիճակի մասին, քայլելու ենք աշխարհի հետ միասին՝ պաշտպանելով ազատ առևտրի բազմակողմ համակարգը», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Չինաստանի առևտրի նախարարությունում նաև նշում են, որ ԱՄՆ-ը, չինական ապրանքների ներկրման վա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով, սանձազերծել է պատմության ամենախոշոր առևտրային պատերազմը։

«ԱՄՆ-ը խախտել է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը՝ այդպիսով սկզիբ դնելով պատմության ամենամասշտաբային առևտրային պատերազմին։ Մաքսատուրքերի սահմանումը առևտրային ահաբեկման օրինակ է։ Այն լուրջ վնաս է հասցնում արտադրական համաշխարհային շղթաների անվտանգությանը և խանգարում է համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացին», - նշվում է հայտարարության մեջ։

Այսօր՝ հուլիսի 6-ին, ուժի մեջ է մտել չինական ապրանքների ներկրման վրա լրացուցիչ՝ 25%-անոց մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Այս որոշման վնասի ընդհանուր չափը գնահատվում է 34 միլիարդ դոլար։

Թրամփի կարծիքով այս նոր սահմանափակումները կօգնեն վերացնել ԱՄՆ-ի պակասորդը Չինաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառության մեջ, որը կազմում է տարեկան շուրջ 500 միլիարդ դոլար։

Պեկինն, իր հերթին, հայտարարել է, որ վճռական պատասխան կտա Վաշինգտոնին, քանի որ վերջինիս քայլերը վնաս են հասցնում Չինաստանի ազգային շահերին։

Աղբյուր՝  http://tass.ru/ekonomika/5351677

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.