Թուրքիայում Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալության հրաման է արձակվել 346 մարդու նկատմամբ

Ստամբուլի և Իզմիրի դատախազությունները հրաման են արձակել 346 մարդու ձերբակալության մասին։ Այս անձինք, որոնց թվում են ներկա և նախկին զինվորականներ, կասկածվում են Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։

Նշվում է, որ 271 մարդու ձերբակալության հրամանն արձակել է Ստամբուլի դատախազությունը։ Նրանց թվում կա պաշտոնաթող գեներալ, ներկայում ծառայող 122 զինվորականներ, ռազմական ակադեմիաների 120 կուրսանտներ և աշխատանքից հեռացված 29 զինվորականներ։ Գործողություններն իրականացվում են Թուրքիայի 47 նահանգներում։

Իզմիրի դատախազությունն արձակել է 75 մարդու ձերբակալության հրաման, որոնց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում Թուրքիայի 30 նահանգներում։ Այս 75 կասկածյալների թվում կան ներկայում ծառայող 59 զինվորականներ։

Հիշեցնենք, որ 2016 թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, աշխատանքից հեռացվել՝ շուրջ 140 հազար պետաշխատող։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.