Թուրքիան խոստանում է պատասխանել Ս-400-ի գնման դեպքում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին

Թուրքիան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս որոշի պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Նրանք ասում են՝ «դուք ձեռք եք բերում Ս-400-ը, մենք՝ պատժամիջոցներ ենք սահմանում»։ Եթե դուք պատժամիջոցներ սահմանեք, ապա կտեսնեք մեր պատասխանը։ Եթե ցանկանում եք նման հարաբերություններ, ապա դա ձեր որոշումն է», - ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով Ս-400-ի գնման դեպքում Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն փչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ Ս-400-ի պատճառով։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։

Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.