Ուժի մեջ է մտել հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու մասին ԵՄ-ի որոշումը
Այսօր՝ հուլիսի 9-ին, ուժի մեջ է մտել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները 6 ամսով երկարաձգելու մասին Եվրոպական Միության որոշումը։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ պաշտոնական աղբյուրին։
«2018 թ․ հուլիսի 5 ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել ռուսական տնտեսության կոնկրետ ոլորտներին ուղղված պատժամիջոցները մինչև 2019 թ․ հունվարի 31-ը երկարաձգելու մասին։ Որոշումն ուժի մեջ է մտել դրա հրապարակման պահից՝ հուլիսի 9-ից», - ասվում է ԵՄ-ի տարածած փաստաթղթում։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ԵՄ գագաթնաժողովից հետո, որտեղ «Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները մյուս պետությունների ղեկավարներին են ներկայացրել Մինսկի համաձայնությունների կատարման գործընթացը»։
«Սկրիպալի գործից» հետո Մեծ Բրիտանիան հանդես էր գալիս հակառուսաական պատժամիջոցները կես տարվա փոխարեն մեկ տարով երկարաձգելու օգտին։ Այս առաջարկը, սակայն, հավանության չարժանացավ ԵՄ Խորհրդում։