Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել: Հրաժարականի մասին Տարոն Մարգարյանը տեղեկացրել է երևանցիներին հղված ուղերձում:

Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, 

խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.