ԱՄՆ-ը որոշել է նոր՝ 200 միլիարդ դոլարի մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ապրանքների ներկրման վրա

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են լրացուցիչ 200 միլիարդ դոլարի մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ապրանքների ներկրման վրա։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Հաղորդվում է, որ սա ԱՄՆ-ի պատասխանն է Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների ներկրման վրա 25% լրացուցիչ մաքսատուրք սահմանելու որոշմանը։ Աղբյուրը նշում է, որ Վաշինգտոնը հույս ունի շարունակել բանակցությունները Պեկինի հետ առևտրային քաղաքականության հարցով։

Չինաստանում անմիջապես արձագանքել են մաքսատուրքերի հնարավոր ավելացման մասին լուրերին։ Առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք ցնցված են ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից և պատաստվում են ձեռնարկել անհրաժեշտ պատասխան քայլերը։

«ԱՄՆ-ի գործողությունները վնասում են ոչ միայն Չինաստանին և ամբողջ աշխարհին, այլև հենց իրենց։ Նման ոչ ռացիոնալ գործելակերպով հնարավոր չէ հեղինակություն և վստահություն վայելել», - ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ ավելացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել  հուլիսի 6-ից։

Այս տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։

Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։

Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։

Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.