Ս-400 համակարգի ձեռքբերումն անհրաժեշտություն է Թուրքիայի համար․ Չավուշօղլու

Ռուսական Ս-400 համակարգը ձեռք բերելու մասին Անկարայի որոշումը պայմանավորված է երկրի օդային սահմանները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությամբ։

Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող NATO Engages համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան ինքնիշխան պետություն է, որը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու համար», - նշել է Չավուշօլղուն։

«Մենք 10 տարվա ընթացքում փորձում էինք նման համակարգ ձեռք բերել ԱՄՆ-ից, սակայն այդ փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։ Թուրքիան դիմել է նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս դաշնակիցներին, սակայն ապարդյուն։ Սա է պատճառը, որ մենք ընդունել ենք ռուսական առաջարկը», - շարունակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ չի հավատում պատժամիջոցներին, սակայն, «եթե որևէ մեկը փորձի գնալ այդ քայլին, ապա Անկարան դա անպատասխան չի թողնի»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։

Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5364139

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.