Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են սիրիական բանակի դիրքերը

Հուլիսի լույս 12-ի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սահմանային Կունեյթրա նահանգի Հադեր և Թել Քրում Ջեբա բնակավայրերի մոտ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է հետ մղել գրոհը։

Իսրայելական կողմն, իր հերթին, հայտարարել է, որ օդային հարձակման է ենթարկել սիրիական բանակի երեք դիրք։ Թել Ավիվը նշում է, որ հարձակումը կատարվել է ի պատասխան օրեր առաջ սիրիական կողմից անօդաչու թռչող սարքի՝ Իսրայելի օդային տարածք ներխուժմանը։

Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազան։ Սիրիական կողմին հաջողվել էր կանխել գրոհը։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հրաժարվել էին մեկնաբանել տարածված լուրերը՝ նշելով, որ իրենք որևէ կապ չունեն հնարավոր հարձակման հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.