Մոգերինին ԱՄՆ-ին կոչ է արել հիշել, թե ով է իր դաշնակիցը
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ-ի վարչակազմին կոչ է արել հիշել, թե ով է իրենց իրական դաշնակիցը։
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Հելսինկիում կայանալիք հանդիպումից առաջ։
«Մենք ԱՄՆ-ին համարում ենք ընկեր և դաշնակից։ Հետագայում նույնպես շարունակելու ենք դա անել», - հայտարարել է Մոգերինին՝ հավելելով, որ վարչակազմի փոփոխությունը չի կարող փոխել ընկերներին և դաշնակիցներին։
Մոգերինին հիշեցրել է նաև, որ Եվրոպական Միությունն ունի «բազմաթիվ այլ ընկերներ»։
«Վաղը մենք առևտրային համաձայնագիր ենք ստորագրելու Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ, իսկ այսօր և վաղը ես ընդունելու եմ Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և Աֆրիկայի մի շարք պետությունների արտաքին գործերի նախարարների», - եզրափակել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունենալու Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպել են 2017 թ․ հուլիսի 7-ին Գամբուրգում՝ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում։