Թուրքիան և Նիդերլանդները որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Թուրքիան և Նիդերլանդները որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։

«Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը ուղերձ է հղել  Թուրքիայի ԱԳ նախարարին, ինչի կապակցութամբ վերջինս զանգահարել է Նիդերլանդների իր գործընկերոջը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները պայմանավորվել են վերականգնել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները», - ասվում է Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում դեսպաններ ուղարկելու վերաբերյալ։ Ակնկալվում է, որ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը 2018 թ․ երկրորդ կեսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Նիդերանդների հարաբերությունները լարվել են նախորդ տարվա մարտին, երբ վերջինիս իշխանություններն արգելել էին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և մի քանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների մուտք գործել երկիր։ Նրանք ցանկանում էին ելույթ ունենալ Նիդերլանդներում բնակվող իրենց հայրենակիցների առաջ՝ նրանց ներայացնելով Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության էր արժանացրել Նիդերլանդների իշխանություններին՝ նրանց անվանելով «Ֆաշիստներ», իսկ նրանց գործողությունները՝ «նացիստական»։ Բացի դրանից, Թուրքիայի նախագահը սպառնացել էր հայելային պատասխան տալ։

Ավելի ուշ Նիդերլանդների խորհրդարանը ձայների 142 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Օսմանյան Կայսրությունում 1915 թ․ հայերի զանգվածային կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին երկու օրինագիծ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.