ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմը փաստացի սկսվել է․ Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմը փաստացի սկսվել է։

««Մեծ քսանյակում» բոլորը հասկանում են, որ առևտրային պատերազմն այլևս իրականություն է, իսկ այստեղ գլոբալ աճի մեծ ռիսկ կա», - Բուենոս Այրեսում կայացած ֆինանսական հարցերով հանդիպման ժամանակ հայտարարել է Լե Մերը։

Europa Press գործակալության փոխանցմամբ՝ նախարարը անհրաժեշտ է համարել, որ ԱՄՆ-ը կատարի երկխոսությանն ուղղված առաջին քայլը, առանց որի Եվրահանձնաժողովը չի կարող ձևակերպել իր առաջարկները։

«Ես Միացյալ Նահանգներին խնդրում եմ վերադառնալ ողջախոհության սահմաններ և հարգել ինչպես միջազգային կարգը, այնպես էլ՝ իր դաշնակիցներին», - ասել է Լե Մերը։

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ ներկրման նոր մաքսատուրքերի սահմանման պարագայում Եվրոպային այլ բան չի մնա անելու, քան պատասխան միջոցներ ձեռնարկելը, և Եվրամիությունը չի քննարկի ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի հարցը, քանի դեռ Վաշինգտոնը չի չեղարկել պողպատի և ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր խոշոր մաքսատուրքեր սահմանել Եվրոպական Միությունից ավտոմեքենաերի ներկրման վրա։ Եվրահանձնաժողովն, իր հերթին, պատասխան միջոցներ էր ձեռնարկել։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180722/1525078220.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.