Չինաստանը խոստանում է պատասխանել առևտրի ոլորտում ԱՄՆ-ի հնարավոր սահմանափակումներին

Չինաստանի իշխանությունները պատասխան միջոցառումներ կձեռնարկեն, եթե հետագայում Միացյալ Նահանգները առևտրին խոչընդոտող քայլեր ձեռնարկի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Գեն Շուանը։

Նրա խոսքով՝ առևտրային հարցերում ԱՄՆ-ի ճնշումները չեն աշխատի, իսկ Պեկինը «մշտապես ցանկանում է նման հարցերը լուծել երկխոսության միջոցով»։

ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է նաև, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը միավորել են ջանքերը Կորեական թերակղզում իրավիճակը կագվորելու հարցում։

«Չինաստանը մեծ ջանքեր է ներդրել։ Փաստացի, Վաշինգտոնը և Պեկինը սերտորեն համագործակցում են այս հարցում։ Կարծում եմ՝ շահագրգիռ բոլոր կողմերը կաշխատեն Չինաստանի հետ, որպեսզի խթանեն Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանը և ապամիջուկայնացման ծրագրի կենսագործմանը», - հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատարարել էր, որ Չինաստանը խնդիրներ է ստեղծում Վաշինգտոնի համար Փհենյանի հետ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով բանակցություններում։

Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ Թրամփը դրական է գնահատել Վաշինգտոնի և Փհենյանի միջև ապամիջուկայնացման հարցով բանակցությունները՝ միևնույն ժամանակ նշելով, որ «Չինաստանը կարող է այս հարցում խոչընդոտել երկու երկրների առաջընթացին»։

Հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, ըստ որի՝ պետք է անհապաղ սկսվի Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը։ Միացյալ Նահանգներն, իր հերթին, խոստացել է ապահովել Հյուսիսային Կորեայի անվտանգությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.