Պեկինը Վաշինգտոնին սպառնում է ներկրման նոր մաքսատուրքերի սահմանմամբ

ԱՄՆ-ի կողմից ապրանքների ներկրման մաքսատուրքերի սահմանման դեպքում Չինաստանը պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Չինաստանի պետական խորհրդի՝ մաքսային սակագների հարցերով հանձնաժողովը որոշել է 5207 անուն ամերիկյան ապրանքների նկատմամբ սահմանել ներկրման բարձրացված 25, 20, 10 և 5 տոկոսանոց մաքսատուրքեր՝ ընդհանուր 60 միլիարդ դոլար ծավալով», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ 25%-անոց մաքսատուրքերը գործելու են 2493 անուն ապրանքների, այդ թվում՝ բնական մեղրի, սառեցված ոլոռի և հատապտուղների, կակաոյի յուղի և կաթի սերուցքի նկատմամբ։ 20%-անոց մաքսատուրքերը գործելու են 1078 անուն ապրանքների, այդ թվում՝ թռչնի փետուրների, բուսական մեղրի և մաստակների նկատմամբ։

10%-անոց մաքսատուրքերը գործում են 974 տեսակ ապրանքների, այդ թվում՝ սառեցված քաղցր եգիպտացորենի և բրնձի ալյուրի նկատմամբ։

«Եթե Միացյալ Նահանգները գործի առանց աշվի առնելու մյուսների կարծիքը և իրականություն դարձնի մաքսային սակագների բարձրացումը, ապա Չինաստանն անմիջապես կյանքի կկոչի վերոնշյալ մաքսատուրքերը», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ ավելացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել  հուլիսի 6-ից։

Այս տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։

Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։

Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։

Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։

Աղբյուր՝ https://ria.ru/economy/20180803/1525904440.html?referrer_block=index_main_3

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.