Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Լաթաքիայում․ կան զոհեր
Սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիսային արվարձանում հետ է մղել ահաբեկիչների գրոհը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով սիրիական ռազմական աղբյուրներին։
«Այսօր՝ վաղ առավոտյան, «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են սիրիական բանակի դիրքի վրա, որը գտնվում է Լաթաքիայի հյուսիսում՝ թուրք-սիրիական սահմանին մերձակա Էլ Սարաֆ բնակավայրում», - հայտարարել է սիրիական բանակի դաշտային հրամանատարներից մեկը։
Նրա խոսքով՝ զինյալներին հաջողվել է մի քանի ժամ գրավված պահել դիրքը, որից հետո սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը դիրքի նկատմամբ։ Ահաբեկիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, վերջին մի քանի օրվա ընթացքում Սիրիայում կրակ է բացվել 14 անգամ՝ 5 անգամ Լաթաքիայում, 7 անգամ Հալեպում։ Բացի այդ, թուրքական կողմը ևս 2 դեպք է արձանագրել Իդլիբ նահանգում։