Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է շուրջ 4 տասնյակ մարդ

Նախնական տվյալներով 39 մարդ է զոհվել, ևս 43-ը՝ վիրավորվել Եմենի հյուսիսարևմտյան Սաադա նահանգին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Mayadeen հեռուստաալիքին։

Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և 21 վիրավորի մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը երեխաներ են։ Հարվածը հասցվել է աշակերտներ տեղափոխող ավտոբուսին։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.