ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է արաբական կոալիցիայի՝ Եմենին հասցրած ավիահարվածները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը դատապարտել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները Եմենի Սաադա քաղաքին, ինչի արդյունքում տասնյակ երեխաներ էին զոհվել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։

Ավելի վաղ հուսիների վերահսկողության տակ գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հայտնում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ Սաադա քաղաքին հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 39 մարդ, վիրավորվել՝ 43-ը։ Հատկանշական է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվն աճել է՝ հասնելով 47-ի։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է կոալիցիայի օդային հարվածները, որոնք հասցվել են Սաադա քաղաքի մարդաշատ շուկային և ամառային ճամբարից երեխաներին տեղափոխող ավտոբուսին։ Գլխավոր քարտուղարն իր խորը ցավակցություններն է հայտնում զոհերի ընտանիքներին», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Գուտիերեշը հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և ընդգծել, որ կողմերը պետք է ամեն ինչ անեն խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։ Գլխավոր քարտուղարը կոչ է արել նաև անաչառ և օպերատիվ հետաքննություն սկսել տվյալ դեպքի առնչությամբ։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.