Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրում է երկրում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը պետք է զբաղվի Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով։ Այս մասին Զարիֆը գրել է իր թվիթերյան էջում։
«65 տարի առաջ ԱՄՆ-ը տապալեց ժողովրդի կողմից ընտրված Մոսադեղի դեմոկրատական կառավարությունը՝ հաստատելով դիկտատուրա և հաջորդ 25 տարիների ընթացքում ենթարկեցնելով իրանցի ժողովրդին։ Այժմ նույնպես պետքարտուղարության նախաձեռնող խումբը պատրաստվում է ճնշումների և ապատեղեկատվության միջոցով կատարել նույն բանը։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի», - ասվում է նախարարի թվիթերյան գրառման մեջ։
Օգոստոսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների քաղաքականությունը կոորդինացնող խմբի ստեղծման մասին։ Խմբի աշխատանքները կղեկավարի Բրայան Հուկը, որն էլ կդառնա Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը։
Պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ խումբը պատասխանատու է «իրանական սպառնալիքի» մասին ամերիկյան գնահատականները կիսող երկրների հետ Միացյալ Նահանգների համագործակցության համար։