Թրամփը նշել է, թե որն է 2016 թ․ կատարած իր միակ սխալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ 2016 թ․ ընթացքում իր կատարած միակ սխալն այն է, որ հաղթել է նախագահական ընտրություններում։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։

«Միակ բանը, որ ես սխալ եմ արել, հաղթելն էր նախագահական ընտրություններում, որում, ինչպես սպասվում էր, պետք է հաղթեր Հիլարի Քլինթոնը և Դեմոկրատական կուսակցությունը։ Խնդիրն այն է, որ նրանք մոռացել էին քարոզարշավ իրականացնել մի շարք նահանգներում», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նման հայտարարությամբ հանդես է գալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ իր կատարած գործողությունների բուռն քննարկումների ֆոնին, որոնք որոշ շրջանակներ որակում են որպես հանցագործություն։

Այս քննարկումներն ավելի են ակտիվացել այն բանից հետո, երբ Թրամփի  նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորդը դատարանում մեղավոր ճանաչվեց 8 կետով, իսկ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենը հայտարարեց, որ հանցանք է գործել Թրամփի հրահանգով։

Քոենի խոսքով՝ 2016 թ․ Թրամփն իրեն հրահանգել է նախընտրական քարոզարշավի համար նախատեսված բյուջեից խոշոր գումարներ դուրս գրել և վճարել երկու կնոջ՝ ինտիմ կապի մասին լռելու դիմաց։

ԱՄՆ նախագահի նախկին փաստաբանը խոստացել է նաև ցուցմունք տալ հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլլերի մոտ ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.