Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությանը։

Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Չեխիայի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումը` վերահաստատելով Հայաստանի շահագրգռվածությունը քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման եւ մարդկային շփումների ակտիվացման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայ-չեխական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացել Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում:

Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Չեխիայի կառավարության` զարգացմանն ու վերափոխմանն ուղղված որոշ ծրագրերում Հայաստանին ընդգրկելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման համատեքստում Չեխիան Հայաստանին կընդգրկի թիրախային երկրների շարքում:

Խոսելով հայ-չեխական տնտեսական կապերի մասին` Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիների ընթացքում այդ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ` միաժամանակ նշելով, որ ներուժը դեռ սպառված չէ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է չեխ գործարարների կողմից ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության փոփոխությունից հետո արդեն իսկ նշանակված է տնտեսական հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահը եւ տարվում են հանձնաժողովի չորրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները:

Ողջունելով հայկական պատվիրակությանը` Չեխիայի վարչապետն անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների կարեւորությանը: Անդրեյ Բաբիշը ներկայացրել է Չեխիայում ներքաղաքական դրությունը, գոհունակությամբ փաստել, որ երկրում արձանագրվում է կայուն տնտեսական աճ:

Չեխիայի վարչապետը տեղեկացրել է, որ Եվրոպական միությունում դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում, առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, ինչպես օրինակ փախստականների խնդիրները: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.