Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը,  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենալու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի  հետ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:  Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, Եվրոպական Միության անդամ երկրների, մասնավորապես, Գերմանիայի հետ»,- ասել վարչապետը:

Փաշինյանը հավելել է նաև, որ Գերմանիայի կանցլերի հետ ունեցած քննարկման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի կողմից։

«Մենք այստեղ հակասություններ և հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.