Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է․ ՄԵրկել

Հայաստանը կարող է օրինակ լինել, թե ինչպես կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրոպական Միության հետ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ապագայում ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցություն ծավալելու շուրջ ու այդ հարցում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը:

«Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ: Իհարկե, հնարավորությունները շատ չեն, Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրի գոտի է: Իհարկե, կան շատ լավ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել:  Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նման քայլի գնալ»,- ասել է Գերմանիայիչ կանցլերը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ընդգծել է, որ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար:

«Մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանը ունի նաև Եվրոպական Միության  հետ առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ ռեժիմը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնել առևտրաշրջանառության ծավալը Միության հետ: Մենք խնդիր ունենք ոչ միայն ծավալի,  այլ որակական իմաստով փոփոխություն մտցնել մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.