Առաջիկայում նախատեսվում է նոր հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև․ Լավրով
Առաջիկայում ծրագրվում է հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մոտ ապագայում սպասվում է ևս մեկ հանդիպում վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև։ Կարծում եմ՝ մեզ համար շատ կարևոր է, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը տեսնում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները։ Մենք, իհարկե, անտարբեր չենք ՀԱՊԿ-ի առաջ Հայաստանի պարտավորությունների նկատմամբ։ Այդ պարտավորությունները պետք է ամբողջությամբ կատարվեն։ Սա կարևոր է նաև մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության ամրապնդման տեսանկյունից», - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Լավրովը։
Ավելի վաղ Լավրովը, մեկնաբանելով Մարտի 1-ի գործը, հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր իշխանությունների՝ քաղաքական հետապնդումերից հրաժարվելու մասին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Մոսկվան, որպես Երևանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է Հայաստանի կայունությամբ։