Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտգործնախարարի հետ

Սեպտեմբերի 3-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը (mfa.am):

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Ճապոնիայի արտգործնախարարի այցը կարելի է պատմական որակել հայ-ճապոնական հարաբերություններում, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու երկու երկրների քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև քննարկելու ապագայում համագործակցության ուղիներն ու հեռանկարները:

Կողմերը հանգամանալից անդրադարձել են հայ-ճապոնական օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունն առավել ընդարձակելու և խորացնելու ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության ու հարգանքի, արդյունավետ համագործակցության վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները։

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները, նոր կառավարության՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հանձնառտու է շարունակելու լայնածավալ բարեփոխումները և ձեռնարկելու գործնական քայլեր՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասարության և արդարության երաշխավորմանը, կոռուպցիայի դեմ աներեր պայքարին։

Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարներն անդրադարձ են կատարել միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաև Կորեական թերակղզում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումների համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը։ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտություն բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Ճապոնիայի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.