Թուրքիան ցանկանում է կանխել Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերի հարձակումները․ Չավուշօղլու

Թուրքիան ցանկանում է կանխել Սիրիայի կառավարական ուժերի գրոհներն Իդլիբում, որտեղ դեռ կան ծայրահեղական խմբավորումներ։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Այն պահից ի վեր, ինչ տարածվեցին Իդլիբի վրա հարձակումների մասին տեղեկությունները, մենք մեծ ջանքեր ենք գործադրում այդ գրոհները կանխելու ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ սխալ է Թեհրանի հանդիպմանն ընդառաջ Իդլիբին հարվածներ հասցնելը։ Հարվածներից հետո մեր համապատասխան ծառայությունները բանակցություններ են սկսել։  Մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ սխալ ենք համարում այդ քայլերը», - ասե է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Անկարան համաձայն է, որ ահաբեկիչները հեռանան, սակայն թուրքական իշխանությունների կարծիքով՝ այդ գրոհների նպատակն է «Իդլիբը գրավելը, ինչը չափազանց ռիսկային է անվտանգության և հումանիտար տեսանկյունից»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս ունի, որ Թեհրանում կայանալիք հանդիպմանը «հնարավոր կլինի հասնել ընդհանուր որոշման, ինչը վերջ կդնի Իդլիբում հրադադարի խախտումներին»։

Խոսելով Գերմանիայի հետ հարաբերությունների մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ իրենք ջանք չեն խնայում Բեռլինի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարին ընդունել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.