Իդլիբում մարդկային զոհերի դեպքերը շատ կզայրացնեն ԱՄՆ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի իշխանություններին կոչ է անում Իդլիբում ռազմական գործողությունների հարցում լինել զուսպ՝ նշելով, որ այնտեղ մարդկային հնարավոր զոհերը շատ կզայրացնեն Միացյալ Նահանգներին։ Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել լրագողների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Ես կարծում եմ՝ շատ ցավալի իրավիճակ է։ Ես ասեմ, որ ի վերջո նրանք կլինեն չափազանց խոհեմ և շրջահայաց։ Եթե այնտեղ սպանդ սկսվի, ապա ամբողջ աշխարհը, ինչպես նաև Միացյալ Նահանգները չափազանց կզայրանա», - ասել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում գրել էր, որ Իդլիբի վրա հարձակումները կարող են հարյուր հազարավոր մարդկային զոհերի պատճառ դառնալ։

ՌԴ արտգործնախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Իդլիբում ռազմական գործողություններն ավելի կորոշակիանան սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք Թուրքա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովից հետո։

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգը միակ շրջանն է, որը դեռ գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության տակ։ Ավելի վաղ այնտեղ ստեղծվել էր անվտանգության գոտի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.