Թուրքիայի նպատակն է կանգնեցնել Սիրիայի կառավարական ուժերի գրոհներն Իդլիբի վրա․ Չավուշօղլու

Թուրքիան իր առջև նպատակ է դրել կանգնեցնել Իդլիբի վրա Սիրիայի կառավարական ուժերի հարձակումները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել չափավոր ընդդիմադիր խմբավորումները ծայրահեղականներից տարբերակելու համար։ Ասադի ռեժիմը հարվածներ է հասցնում Իդլիբին՝ որպես պատրվակ օգտագործելով իբր ահաբեկիչների առկայությունն այնտեղ։ Մեր նպատակն է կանգնեցնել Իդլիբի վրա հարձակումները», - Haber Turk-ի եթերում հայտարարել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան շարունակում է «սերտորեն համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ հումանիտար աղետը կանխելու համար»։

Նա նշել է նաև, որ որոշ պետություններ գործում են՝ առաջնորդվելով սեփական շահով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացել է սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՌԴ-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքեր գործադրել քաղաքացիական բնակչության պաշտպանության և Սիրիայում հումանիտար վիճակի բարելավմանն ուղղությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաև եռակողմ բարձր մակարդակով հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.